Փափուկ բարձերի վրա [Egretta Garzetta] (fb2) читать онлайн

- Փափուկ բարձերի վրա 614 Кб, 10с. скачать: (fb2)  читать: (полностью) - (постранично) - Egretta Garzetta

 [Настройки текста]  [Cбросить фильтры]

Egretta Garzetta Փափուկ բարձերի վրա

Նազանը մեծացել էր փափուկ բարձերի վրա, ու ամբողջ կյանքում նույնիսկ անձրևի կաթիլ նրա վրա ընկած չկար։ Այսպես էր մտածում շրջապատը, երբ նախանձով խոսում էր Նազանի մոր ու հոր, մեծ եղբայրների, հորեղբոր, նրա կնոջ և նրանց որդիների մասին։ Այն հեքիաթային պաշտպանվածության մասին, որով շրջապատված էր այդ աղջիկը առասպելներ էին պտտվում քաղաքում։ Մեքենաներ, տներ, թանկարժեք հագուստ ու զանազան զվարճանքներ… սիրելի մայր և հայր, երկու մեծ եղբայր, չորս հորեղբոր տղա, հորեղբայր, հորեղբոր կին և մի Նազան բոլորի համար։ Յուրաքանչյուրի համար երազանք է նման պայմաններում ծնվել ու մեծանալ։

Ուշ գիշեր էր։ Մի ստվեր անցավ բակով ու կամաց օձի նման բարձրացավ ավտոտնակի կտուրով ու ցատկեց տան պատշգամբի ճաղից բռնվեց քաշվեց մտավ մեջ։ Այդ ստվերը աշխատեց հնարավորինս անաղմուկ բացել դուռը և մտավ Նազանի ննջասենյակ։ Նազանը մուշ-մուշ քնել էր։ Մտնողը եղբայրն էր՝ Իշխանը՝ եղբայրներից երկրորդը։ Վերադառնալ տուն գիշերվա չորսին սովորական էր։ Ու զգուշանալով հորից անցնում էր քրոջ սենյակով։ Նազանի մոտից անշշուկ սղոսկեց միջանցք ու հանգստացած շունչ քաշելով մտավ իր ննջասենյակ։ Պառկեց անկողնում և մտավ հեռախոսի մեջ։ «Ի՞նչ լավիկն է։ Ինչպե՞ս չեմ իմացել այդ աղջկա գոյության մասին։ Ո՞ւր էր թաքնվել»։ Երկար խառնեց հեռախոսի նկարները մինչև նկատեց որ լուսանում է։ «Լավ, մի քիչ քնեմ, վաղը պետք է գնամ աշխատանքի, հորս աչքին երևամ, որ մի քիչ փող վերցնեմ»։

Այսօր Նազանի ծննդյան օրն է։

_Արի՛, արի՛, աղջիկ՛ս,_կանչեց հորեղբայրը Նազանին։_նայիր ի՛նչ եմ քեզ բերել։

Աշոտը պարզեց օրիորդին մի գեղեցիկ տուփ, որի մեջ ինչպես բացահայտվեց մի թանկագին ապարանջան կար։

Ներկա եղող բոլոր հյուրերի աչքերը փայլեցին, շքեղությունից շլացած։

_Ա՜յ, քեզ նվե՛ր, ա՜յ քեզ, հոպա՛ր…

_Պատկերացրու քանի՜-քանի՜ նման թանկագին նվերներ է տվել Նազանին։ Դե՜, իհարկե՛, միակ աղջիկն է նրանց մեջ։

Աշոտը սիրում էր ցուցամոլություն, ու հրաշալի դերասան էր։ Վերջին անգամ նա նվեր էր տվել Նազանին տասնհինգամյակին՝ յոթ դար առաջ, ու ինչպես միշտ թատերական ներկայացմամբ։ Նազանը արդեն սովոր է նման ցույցերին։ Բայց օրիորդի դեմքից ոչ մեկը չկռահեց նրա մտքերը։ Գնաց վերև, որ պահի նվերը։ Քաշեց դռան բռնակը։ Բայց ի զարմանք փակ էր։ «Չհասկացա՛»… Նազանը մի անգամ էլ ձգեց բռնակը։

_Ո՞վ կա մեջը,_ակամա բարձրաձայն արտասանեց օրիորդը։ Զարմացած նայեց կողքերը։ Կարծես օգնություն էր փնտրում։ Սակայն միջանցքում ոչ մեկը չկար։ Թակեց դուռը.

_Մա՛մ, դու՞ ես։

Լռություն էր։ Բայց զգում էր շարժում կա։ Ավելի ուժգին խփեց դռանը։

_Եկա՛, Նազա՛ն… գալի՛ս եմ։

Վերջապես լսվեց մեկի ձայնը։ Դուռը բացվեց ու կարմրած աչքերով Նազանի հորեղբոր ավագ որդին օրորվելով քաշվեց կողք, որ քույրը մտնի մեջ։

_Սամվե՞լ… ի՞նչ ես անում այստեղ։

_Ես…, _ Սամվելը ուղղեց վերնաշապիկի թևը ու դժկամությամբ շրթունքները շարժեց։ Դուր չեկավ, որ քույրը իրեն բռնեցրեց այստեղ։_հեռախոսով պիտի խոսեի…

_Իմ սենյակու՞մ,_զարմացած բացականչեց օրիորդը։ Աչքերով անցավ ամբողջ սենյակով։ Արտասովոր ոչինչ չտեսավ։

_Քո սենյակը միակ ապահով տեղն է այս տանը։

Երիտասարդը դուրս եկավ սենյակից, անցավ միջանցքով ու իջավ աստիճաններով։ Նազանը դրեց տուփը զարդասեղանին։ Ուշադիր զննեց շրջապատը։ «Տարօրինակ էր Սամվելը… տեսնես հիմա՛ ի՞նչ է արել»։ Նազանը դարձավ բացեց տուփը ու հանեց ապարանջանը և կապեց բազուկին։ Ապա վերադարձավ հյուրերի մոտ։ Երաժշտության ձայնից չէր լսվում խոսողների ձայնը։ Նազանը աչքերով փնտրեց Սամվելին։ Բայց չգտավ։ Ու՞ր է նա… մտքից դուրս չէր գալիս նրա թմրած տեսքը։ Մի՞թե նորից է սկսել։

_Նազան, որտե՞ղ ես թռչում։ Ե՛տ արի… մենք այստեղ ենք,_բռնեց թևից ընկերուհին՝ Ալինան։

Նազանը ժպտաց։

_Դե՛, մի տարով ծերացել եմ, արդեն ազդում է։

Ալինան ծիծաղեց։ Ու քաշեց նրան պարելու։ Մի քանի պարից հետո մայրը մոտեցավ դստերը ու հեռացրեց պարհրապարակից, որ խոսի հետը։

_Ի՞նչ պատահեց մամ։

_Գնա՛, շորերդ փոխի։ Այս մեկը արդեն բավական տեսան, գնա՛ այն մյուսն էլ հագի, թող մի հատ տրաքվեն նախանձից։

_Չեմ ուզու՛մ։ Այսպես հարմա՛ր է։

_Մի՛ հակաճառի ու արագացրու՛։

Մայրը ոլորեց աչքերը նրա վրա։ Նազանը խոր շունչ քաշեց ու ենթարկվեց։ Բայց երբ մոտեցավ ննջասենյակին լսեց ձայներ մեջից։ Նորի՞ց… սրեց ականջը։ «Ովքե՞ր են»։ Չհասկացավ թե ինչ խուլ ու խեղդված ձայներ էին։ Մոտեցավ որ բաց անի դուռը, բայց ձեռքը մնաց բռնակին, երբ հասկացավ ի՛նչ է կատարվում մեջը։ Բայց ո՞վ կարող էր մեջը լինել։ Ո՞վ այդ աստիճան փչացնել է, որ հանդգնել է մեկին բերել իր ննջասենյակ և այն էլ այս օրով ու այսքան մարդկանց մեջ։ Նազանի աչքերը լցվեցին։ Նա նորից բռնեց դռան բռնակը, որ բաց անի ու տեսնի այդ աներեսներին։ Սակայն շառագունեց այն մտքից, թե ինչ կարող է տեսնել, ու ինչ անհարմար վիճակի մեջ կարող են հայտնվել ննջասենյակում առանձնացածները։ Թողեց բռնակը ու արագ քայլերով հեռացավ, միաժամանակ սրբելով աչքերը։ Ովքե՞ր էին այդ անամոթները, որ չէին ամաչել։ Ո՞ր մեկն էր իր ծանոթներից կամ հարազատներից։ Գուցե նորի՛ց Սամվե՞լն է։ Իջավ ներքև։ Նազանը գլուխը ծռեց հյուրասենյակում գտնվող հյուրերի կողմ, Սամվելը այնտեղ էր, ուստի անցավ խոհանոց, որ մի բաժակ ջուր խմի ու մտքերը թարմացնի։ Այնտեղ էին հորեղբոր երկվորյակները՝ Ռոստամն ու Ռուսլանը և իր մեծ եղբայրը՝ Աշոտը։ Տեսնելով իրեն երեքն էլ ժպտացին։ Սեղանին մի քանի շիշ օղի կար։ Գոնե ուտելու նորմալ բան վերցնեին, լիքը ճաշատեսակներ կան կաթսաների մեջ։ Ռոստամը ցած դրեց ձեռքից ըմպանակը և մոտեցավ Նազանին։

_Ո՞նց ես, իմ անուշ քույրի՛կ։

Նա առավ օրիորդին թևի տակ։ Սուր խմիչքի հետ էր գալիս։ Սպիտակ վերնաշապիկը կորցրել էր նախկին թարմությունը ու նման էր ճմրթված անձեռոցիկի։ Նա իրենից փոքր էր երկու տարով, բայց պահում էր իրեն այնպես կարծես տասը տարով մեծ էր։ Սակայն հիմա… Ճոճվում էր ոտքերի վրա։

_Լավ եմ։ Ռոստա՛մ, դու ո՞նց ես։ Մի քիչ շա՞տ չես խմել,_շշնջաց օրիորդը նրա ականջին։

Ռոստամը փքվեց հնդկահավի նման։ Բաց թողեց քրոջ ուսը ու հատուկ բարձր ասաց.

_Մի՛ փչացնի՛ տրամադրությունս։ Այսօր քեֆս լավ է։ Աշոտ, քույրդ մի տարով մեծացավ խելք է սովորեցնում։

Աշոտը, որ պակաս խմած չէր հաստ փորը առաջ տնկած մոտեցավ։

_Մի նեղացնի Նազանին։

Նազանի հոնքերը զարմանքից բարձրացան։ Աշոտը պաշտպանու՞մ է իրեն։ Սա երա՞զ է։ Հետաքրքիր է ի՞նչ է ուզելու իր չափազանց «բարի» եղբայրը։

_Թո՛ղ նրան։ Այսօր նրա օրն է։ Քույրս այսօր մեծ գումար է հավաքել։ Նրա հետ պետք է ընկերություն անել։

«Հասկանալի՛ է։ Երկար սպասել չտվեց». Անցավ հիասթափված օրիորդի մտքով։

_Ի՞նչ ես ուզում, որ անեմ, Նազ։ Այսօր բոլոր ցանկություններդ կատարելու ենք,_խառնվեցավ նրանց Ռուսլանը։

Նազանը մի պահ մտածեց ու ասաց.

_Ուզում եմ, որ եղբայրներս մի քիչ խելք հավաքեն։

Տղաները միահամուռ ծիծաղեցին։

Նազանը մի բաժակ ջուր վերցրեց ու գնաց նրանց մոտից։ Դուրս եկավ պատշգամբ։ Չզգաց որ մեկի զույգ աչքերը հետևում էին իրեն։ Մտովի վերադարձավ միջանցք ու կանգնեց սեփական ննջասենյակի դռան առաջ։ Բայց ո՞վ… ո՞ր մեկը… հայրը հավաքել է իր բոլոր բարեկամներին, եթե ասել ճիշտը, ապա բոլոր նրանց ումից ունի օգուտ, իսկ իսկական հարազատներից ոչ մեկը չկա։ Օրինակ մորաքույրը։ Ո՞ւմ պետք է հասարակ հավաքարարը։ Բայց ո՞վ է այնտեղ։ Նազանը տհաճությամբ բերանը ծռեց։ Ինչպե՞ս է սրանից հետո մտնելու իր ննջասենյակ։ Զզվանքով նայեց ետ ու նկատեց որ մայրն է մոտենում։

_Չե՞ս փոխել շրջազգեստդդ։Նազա՜ն… Նազա՛ն, չասացի գնա հագուստդ փոխիր։

Նազանը չպատասխանեց։

_Քո հետ եմ, աղջի՛կ։

_Ավելի ուշ, մայրի՛կ… ավելի ուշ կգնամ։

Մայրը համաձայնվեց, բայց աղջկան նկատողություն արեց.

_Ինչու՞ ես մենակ թողել հյուրերին։ Ամո՛թ է։

_Ամո՞թ է…

Նազանը ակամա քմծիծաղ տվեց.

_Ամոթ է,_կրկնեց նա։

Նրա բարակ շրթունքները կծկվեցին ու նյարդայնացած դողացին, բայց զսպեց իրեն։

_Հայրդ, ամեն ինչ քո՛ համար է անում։ Ինչո՞վ ես դժգոհ։ Հիմա՛ ինչը սրտովդ չի։

_Մայրի՛կ, ես գոնե մի բառ ասացի։ Ի՞նչ ես ուզում հիմա ինձնից։

_Ուզում եմ որ ժպտա՛ս։ Չեմ ուզում տեսնել այդ թթու՛ կիտրոնի՛ արտահայտությունը դեմքի՛դ։

Նազանի շրթունքները մի այլանդակ ժպիտ գծեցին անգույն դեմքին։

_Այսպես լա՞վ է։

_Դերասանություն մի՛ արա՛։ Մի հատ որ խփեցի, գլուխդ կջարդեմ։

Նազանը մի հիասթափված հայացք շնորհեց մորը և գնաց։ Գնաց հյուրերի մոտ։

_Նա՛զ, մի տեսակ ես,_հետևից գրկեց ուսերը Ալինան։ Այդ ժպտերես աղջիկը միշտ էլ զգացել նրա տրամադրությունը։

_Լավ եմ, Ալինա… ուղղակի… լավ հետո կպատմեմ։

Նազանը աշխատեց անփույթ ձևանալ։ Ընկերուհու հետ միացավ պարողներին։ Ինչքան էլ աշխատում էր ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է։ Տրամադրությունը ընկավ։ Մի՞թե նորմալ է որ սեփական ննջասենյակը ապրում է առանձին կյանքով։ Ինքը հյուրի նման կանգնել է շեմքին, որովհետև ինչ-որ մեկը կենդանի բնազդներն է բավականացնում։ Նորից մտովի բարձրացավ վերև։ Հանգիստ չէր տալիս հարցը. «Ովքե՞ր են։ Չլինի թե ապուշ եղբայրն է։ Իրենց ընտանիքում, բացի Սամվելից, միայն Իշխանիկը կարող է նման հիմարություն դուրս տալ։ Բայց աղջիկը ո՞վ է»։ Իրոք Իշխանիկը այստեղ չէր։ Նոր հիշեց, որ նրան առավոտից չի տեսել։ Ոչ էլ երբ եկավ վարսավիրանոցից։ Եթե այստեղ լիներ անպայման կասեր. «Ի՞նչ ես պճնվել տոնածառի նման»։ Ուրեմն նա՛ է։ Բա էլ ո՞վ։ Միայն այդ հիմարը կարող էր նման լրբություն անել։ Եթե նա չի, ապա ո՞վ… Ո՞ր կենդանին։ Ո՞ր մեկը իր ծանոթներից թքել է իրենց վրա։ Ո՞վ է այդ հերոսը որ ոտնակոխ է արել հյուրընկալության օրենքները, և զոռ տվել կենդանական զգացմունքներին։ Օրիորդի սիրտը ճմլվեց։ Ինքն էլ չհասկացավ ինչպես ոտքերը բերեցին իրեն նորից ննջասենյակի մոտ։ Ոչ ձայն այլև չկար, բայց զգում էր որ մեջն են։ Չհամարձակվեց բացել դուռը։ Ինչ որ զգացմունք ստիպում էր խուսափել այդ ճակատագրական քայլից։ Ճակատագրակա՞ն… բայց ինչու՞ ճակատագրական, ու՞մ համար… իր կյանքում ոչինչ չի փոխվի, միայն թե աչքից ընկածների թիվը կավելանա։ Սակայն չգիտես ինչու ամաչում էր։ Ինչու՞ ինքն էլ չգիտեր… ինչու՞ թող իրե՛նք ամոթ ունենային, ոչ թե ռոմանտիկ հանդիպում անցկացնեին ուրիշի տանը, այն էլ հրավիրված լինելով ծննդյան տոնին։ Դեռևս հույս ուներ որ սենյակում եղբայրն է իր փալասներից մեկի հետ։ Նորից պարզեց ձեռքը ու նորից ետ արեց։ Լսեց որ դռան մյուս կողմից մեկը մոտենում է, ինքն էլ չգիտես ինչու, հինգ տարեկան երեխայի նման վազեց հանդիպակաց սենյակը ու թաքնվեց դռան ետևը։ Իշխանիկի ննջասենյակն էր։ Հասցրեց վրա քաշել դուռը իր ետևից։ Բայց այն ինչ տեսավ նա դռան ճեղքից շանթահար արեց։ Դուռը ճռռալով բացվեց ու դուրս եկավ իր հայրը՝ Կարենը, իսկ մի քանի վայրկյան անց Վարդիթերը՝ հոր փաստաբանը։ Նազանը հազիվ զսպեց ճիչը, աչքերը կլորացան ու սիրտը սուր ծակեց… ձեռքը մի նյարդայնացած շարժում գործեց, որ հրի բացի դուռը ու դուրս ցատկի, սակայն մի աներևույթ ուժ ետ պահեց իրեն։ Գլուխը անզոր կախվեց կրծքին, ոտքերը թուլացան ու աչքերը մթնեցին։ Կամաց սողաց պատն ի վար ու նստեց հատակին։ Մնաց այսպես մի քանի րոպե։ Գլուխը պտտվում էր ու չէր կարողանում տեղավորել ուղեղի մեջ տեսածը։ Մի սաստիկ մթության մեջ կարծես հայտնվեց։ Սառը քրտինքը պատեց ողջ մարմինը, ծանրացավ ու թեքվեց առաջ։ Չի՛ կարող պատահել։ Սա թյուրիմացությու՛ն է։ Հայրը նման տմարդիություն չէր անի։ Նազանը բռնվեց եղբոր մահճակալից ու ոտքի ելավ, ապա օրորվելով դուրս ելավ ու դարձավ դեպի իր դուռը։ Չկարողացավ դիպչել բռնակին։ Թվում էր թե ամբողջությամբ կեղտ է։ Արմունկով քաշեց ներքև ու մտավ մեջ։ Առաջինը ինչին նայեց դա մահճակալն էր։ Երևում էր որ հապճեպ են կարգի բերել։ Դառնության ժպիտը լուսավորվեց Նազանի դեմքը։ Օրիորդը մոտեցավ ու զզվանքով քաշեց սպիտակեղենն գցեց հատակին։ Սիրտը խառնեց դուրս նետվեց դեպի միջանցքի վերջում գտնվող զուգարան։

_Տեր աստված… այս ինչ արեց մեր հետ…

Նա ջուր խփեց դեմքին ու մի րոպեում լվաց մաքրեց դիմահարդարման սրահում երկու ժամվա աշխատանքի արդյունքը։ Չէր կարողանում հավաքել մտքերը ու սթափ մտածել տեսածի մասին։ Արցունքները անվերջ գլորվում էին այտերն ի վար։ Նայեց հայելու մեջ։ Իր մոխրագույն աչքերը դարձել էին անգույն, սոսկաց երբ տեսավ դեմքի գույնը։ Սակայն հոգու գույնը… մնա՞ց հոգի…Սիրտը կարծես պոկել էին կրծքից ու նետել խավարի մեջ։ Ուղեղն էլ այդ խավարում կորցնում էր հստակ մտածելու կարողությունը։ Ի՞նչ կատարվեց… ինչպե՞ս է հիմա իջնելու ցած ու նայելու հոր դեմքին… բա մայրը՛… Նազանը բռնվեց պատից որ չընկնի։ Նորից ջուր շփեց դեմքին ու բուռով մի քանի ագահ կում արեց։ Բայց վերջին կումը թարս գնաց, թե ինչ կատարվեց, ջուրը դուրս հոսեց բերանից, թքեց… ինչպե՛ս կթքեր հոր երեսին… ապա ուղղվեց, նայեց նորից հայելու մեջ, ցցվեց մի դիվական արցունքոտ ծիծաղով, շփեց ձեռքերը երեսին ու սեղմեց բերանին որ չգոռա, որ ոչ մեկը չլսի իր սարսափած ճիչը.... կուլ տվեց արցունքները ու շունչ քաշեց, ուշադիր զզնեց իր կարմրած աչքերը, խճճված մազերը ու խղճած ինքն իրեն։

_Խեղճ Նազան… ինչու՞ փախար… պետք էր մնալ դռան առաջ, թող բացեր ու տեսներ քեզ… կտեսնեինք թե ի՞նչ դեմքով է նայելու աչքերիդ մեջ…

Վերցրեց սրբիչը ու սրբեց դեմքը։ Ապա ոտքերը, որ կարծես դարձել էին անզգամ ծանրաքարշ զանգվածներ տարին նրան դուրս։ Միջանցքում ոչ ոք չկար։ Ինչպես մինչև այդ։ Հետաքրքիր է ինչի՞ մասին էին մտածել այդ երկու արարածները։ Նազանը չէր գտնում ուրիշ բառ։ Մտավ իր ննջասենյակ։ Նայեց հատակին ընկած անկողնուն, խորին տհաճությունից խլրտացին անարգված որդիական զգացմունքները։ Ինչպե՞ս կարող էր իր հարազատ հայրը դավաճանել մորը, այն էլ սեփական տան մեջ… դստեր անկողնում։ Մի՞թե վերացել են ամեն սրբություն։ Մի՞թե դա իր ճանաչած, սիրելի ու հարգելի հայրիկը չի։ Ինչու՞ ոտնահարեց մորը։ Մի՞թե այդ աստիճան կենդանի է դարձել որ սիրուհուն տանի աղջկա ննջասենյակ։ Ինչի՞ մասին էր մտածում այն մարդը որի մազերը արդեն սպիտակում են։ Ո՞ր օրվանից է այդ կապը հաստատվել։ Ինչքա՛ն կույր էր ինքը եղել։ Ինչպե՞ս չի տեսել, չի զգացել։ Նազանը նորից հեկեկաց։ Ի՞նչ աչքերով է նայելու հորը։ Կարողանալու է արդյոք թաքցնել զգացմունքները, ծածկել հոգու խռովությունը։ Թե գնալ ու հաշիվ պահանջել, գոռալ ու գոչել թե. «Հայրիկ, ի՞նչ արի՛ր։ Ոչնչացրի՛ր բոլորիս»։ Իսկ եթե՞ մեկը իմանա։ Գուցե և մեկնումեկը արդեն գիտի։ Ամո՜թ… Նազանը նկատեց մահճակալի տակ ընկած մի փայլուն իր։ Մոտեցավ կռացավ։ Ապարանջան էր։ Իր ապարանջանի պատճենն էր։ Աչքերը բոցկլատին բարկությունից։Լիրբը՛… բայց ո՞վ էր ավելի անառակ, ո՞ր մեկը։ Նայեց ձեռքին… այո նույնն է… հորեղբա՛յրն էլ… լրիվ խելքները կորցրել են, քանի լիրբ կա՞ իրենց ընտանիքում։ Հորեղբոր նվերը վառում էր։ Օդը քիչ եկավ։ Պատերը սեղմում էին ու ճզմում իրեն։ Ինքը դարձել մի գարու հատիկ։ Մի՞թե սա իրականություն է։ Սա է Նազանի նախանձելի կյանքը։ Չէր կարող գտնվել այնտեղ ուր ոտնահարել ու ոչնչացրել էին իրեն, իր անդորրը։ Վազեց դուրս, ետևից բաց թողնելով դուռը։ Դիպչել չի՛ կարող ոչնչի։ Ոչ էլ շնչել այդ պիղծ օդը։ Բայց քարացած ոտքերը չգնացին առաջ։ Հիմա նա ոչ մեկի դեմքը տեսնել չէր ուզում։ Կարողանալու է նա արդյոք իջնել ներքև ու անփույթ ձևով անցնել բոլորի միջից ու պարել, ի սրտանց մի լավ պարել։ Ոչ… ոչ մեկի դեմքը տեսնել չեմ ուզում։

Նույնիսկ մորը, առավել ևս մորը… Ի՞նչ է կատարվելու այդ կնոջ հետ։ Թեքվեց նորից եղբոր սենյակ։ Մտավ մեջ ու կամած ծածկեց դուռը։ Աչքը ընկավ ապարանջանը։ Քաշեց պոկեց ձեռքից։ Աչքերը մթնեցին, ոտքերը ծալվեցին, նստավ հատակի վրա։

Ինչքա՞ն մնաց այդպես չգիտեր։ Որովհետեւ ուշքը երբ եկավ իրեն հատակից բարձրացնում էր Իշխանիկը։

_Նազա՜ն, Նազուշիկ, ի՞նչ եղավ քեզ,_օգնեց նստել մահճակալին։

Նազանը ոչ մի բառ չարտասանեց ու սկսեց լացել։ Նա այնպիսի դառնությամբ էր լացում, որ երիտասարդը չգիտեր ինչ անել, վազել կանչել մեկին, թե մնալ մոտը։

_Նազ, ի՞նչ է պատահել։ Ինչու՞ ես լացում։

Նստեց նրա կողքը, բռնեց ձեռքերը։ Օրիորդը լացից ցցվում էր ամբողջ մարմնով։ Իշխանիկը գրկեց նրան, բայց հանգստացնել չհաջողվեց։

_Մի լացի՛… ասա ինչ է պատահել։ Ասա, որ օգնեմ։ Ո՞վ է նեղացրել։

Քույրը անընդհատ լացում էր ու ոչ մի հարցին չէր պատասխանում։ Իշխանիկը գրկեց նրան ավելի ուժեղ։

_Հանգսատիր Նազ… հանգստացիր ջանս, ամեն ինչ կանցնի…

_Սա չի անցնի,_ատամների միջից արտասանեց Նազանը,_Իշխանիկ, սա չի անցնի։ Ես մտածում էի թե դու ես։ Նա ոչնչացրեց մեզ… ոչնչացրեց ինձ… ինչպե՞ս եմ ապրելու սրանից հետո։ Ինչպե՞ս է համարձակվելու նայել իմ աչքերի մեջ… ոչնչացրեց մեզ, Իշխանիկ, մեր ամենահարազատ մարդը սպանեց մեզ… ի՞նչ եմ ասելու մայրիկին… ո՞նց եմ ես ապրելու… անամոթ… իմ սենյակում… այդ մեկի հետ… Իշխան, ես տեսել եմ նրանց միասին…

Իշխանիկի դեմքը գունաթափ եղավ։ Ամեն ինչ հասկանալի էր։ Նա բաց թողեց քրոջը.

_Գնամ ջուր բերեմ։

Պառկեցրեց Նազանին ու դուրս եկավ։ Սրընթաց իջավ ներքև։

_Ու՞ր է հայրիկը,_հարցրեց հորեղբորը։

_Խոհանոցում, տղաների մոտ։

Բայց երիտասարդը սկզբում գտավ Ալինային։

_Գնա Նազանի մոտ։ Սենյակումս է։

_Ինչու՞։ Ի՞նչ է պատահել։

_Եթե ասում եմ, ուրեմն այդպես պետք է։

Օրիորդը չառարկեց տեսնելով Իշխանիկի հուզված տեսքը։

Երբ երիտասարդը ներխուժեց խոհանոց Կարենը նրա հայացքից հասկացավ, որ հիմա փոթորիկ է լինելու։ Ուստի թողնելով տղաներին ծխախոտի թանձր ծուխի մեջ դուրս ծլկեց մյուս դռնից։ Որդին վազեց հետևից։ Բռնեց նրա արմունկից ու քաշեց դեպի նկուղ։

_Ի՞նչ ես անում։ Խելքդ թռցրիր։

_Ե՞ս թե դու՛…

Իշխանիկը հրեց հորը նկուղ ու ինքն էլ մտավ ետևից ու դուռը փակեց իրենց հետևից։

_Վերջապես հայրդ եմ։ Հարգանք ունեցիր։

_Հարգա՜նք… շատ չի քո նման լրբի համար…

Կարենի դեմքը կարմրեց զայրույթից։

_Շան լակո՛տ,_գոռաց նա իրենից դուրս եկած ու ձեռքերը բռունցք դարձրած մղվեց դեպի որդին։

_Ճիշտ ես… շա՛ն լակո՛տ եմ… որովհետև միայն շունը կարող է հարամել միակ դստեր ծնունդը։

Կարենը մեխվեց տեղում։ Շեշտակի հայացքով նայեց որդուն։

_Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս։

_Նազանը տեսե՛լ է ձե՛զ,_ Իշխանիկը զզվանքով լի հայացքը ուղղեց հոր աչքերի մեջ,_Նազանը ձեզ տեսել է, անասուն…

Նա արհամարհանքով չափեց դիմացինին ոտից գլուխ ու ավելացրեց.

_Մի՞թե քո մեջ չի մնացել մարդկայնությունից գոնե մի կաթիլ։ Միակ արարածը այս աշխարհում, որ քեզ դեռևս մարդ էր համարում… այսօ՛ր, նրա ծնուննդի օրը ոչնչացրիր… Անամոթ.... Նազանի սենյակին էիր մնացե՞լ… աներե՛ս… Դու՛ մա՛րդ չես… անասու՛ն… գտար օ՛ր ու տե՛ղ… Նազանը վերևում լաց է լինում… սրբապի՛ղծ…

_Ինչպե՞ս թե տեսել է,_շփոթված ու շվարած մնաց հայրը։ Նա այդքան խմած չէր, որ չհասկանար ինչ է կատարվել։ Միայն դուստրը չգիտեր։ Հիմա նա էլ իմացավ։ Վե՛րջ… ամեն ինչ վերջացա՛ծ է։